Թե՛ խմբակցությունը, թե՛ քաղաքական թիմն առհասարակ մշտապես քննարկում է ներքաղաքական, արտաքին քաղաքական իրավիճակը: Ռոբերտ Քոչարյանի հերթական քաղաքական պայքարը «սրբազան» կոչելն ինչքանով է օգնում այդ պայքարին, բայց եթե իմ տեսակետն եք ցանկանում լսել, խորհուրդ կտամ Քոչարյանի հերթական քաղաքական պայքարը «սրբազան» չանվանել: Դա ավելի շատ կոմիկ դաշտ է տեղափոխում այս ամեն ինչը: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ կարծիք ունի խմբակցությունը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին:
«Ռոբերտ Քոչարյանի ամբողջ խմբակցությունը ձեր նշած մարդու կողքը կանգնած է. եթե դա բավարար փաստ չէ, ապա ես էլ չգիտեմ՝ որն է բավարար քաղաքական փաստ»,- ասաց պատգամավորը:
Նկատառմանը, թե 40 քաղաքական ուժ է միացել շարժմանը, Ալեքսանյանը առաջարկեց թվարկել գոնե 20-ի անվանումները: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀԱԿ-ը նույնպես մասնակցել է հանդիպմանը, նկատեց՝ ՀԱԿ-ը նոր չէ, որ Քոչարյանի հետ քաղաքական կոալիցիա կազմելու մտքեր ունի:
«Տեր-Պետրոսյանը դրա մասին հանրային էլ է հայտարարում: Այստեղ էլ նորություն չկա մեծ հաշվով»,- ասաց Ալեքսանյանը:
Լրագրողները նաև նկատեցին՝ ՔՊ պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Գուրգեն Արսենյանը չեն բացառել, որ եթե Բագրատ Գալստանյանը անվանացանկ ներկայացնի, թե ում հետ է ցանկանում հանդիպել, գուցե քննարկեն, ինչին ի պատասխան՝ Ալեքսանյանը ասաց՝ հանդիպումը կազմակերպելու համար անհրաժեշտ պատճառ չի տեսնում:
«Մարդը գնում-կանգնում, երեկոյան մի բան է խոսում, առավոտը գնում-ներողություն է խնդրում, ու այդպես՝ օրեր շարունակ»,- հավելեց Ալեքսանյանը:
Հարցին ի պատասխան՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ որևէ քննարկում եղե՞լ է, հրաժարականի հարց եղե՞լ է, պատգամավորն ասաց՝ չի հասկանում՝ ինչ քաղաքական ճգնաժամի մասին է խոսքը:
«Նույն ուժերը, որ 2021 թվականից ի վեր պայքարում են այս իշխանության դեմ, շարունակում են պայքարել այս իշխանության դեմ: Նույն Վազգեն Գալստանյանը նույն Ռոբերտ Քոչարյանի միտինգներին առաջին անգամ չէ, որ ելույթ է ունենում: Կարծեմ՝ 2022-ին նույն մարդը Ռոբերտ Քոչարյանի միտինգին մոտավորապես նույն բառապաշարով նույն ելույթներն ունեցել է: Ես այս ամենում որևէ նոր բան չեմ տեսնում»,- հավելեց ՔՊ խմբակցության պատգամավորը:
Հարցին՝ արդյոք չկա՞ քաղաքական ճգնաժամ՝ Ալեքսանյանը հակադարձեց՝ որտե՞ղ եք ճգնաժամ տեսնում:
Լրագրողների նկատառմանը ի պատասխան, թե Կառավարության նիստն անցնում է մեծաթիվ ոստիկանական ուժերով շրջապատված շենքում, պատգամավորը նկատեց՝ ոստիկանությունն իր պարտականությունների շրջանակում փորձում է կոնկրետ մարդկանցից պաշտպանել պետական գույքը:
Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը, Ալեքսանյանը նկատեց՝ նման հարց օրակարգում չկա:
«Իմ համեստ կարծիքով՝ ընդդիմության մանդատները վայր դնելը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց չի լուծում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե սկսելու են իմփիչմենթի գործընթաց, ասաց՝ դրան հումորով է վերաբերվում:
«Ակնհայտ է, որ նախ՝ չեն կարողանում սկսել, երկրորդ՝ սկսելու պարագայում էլ, միանշանակ, այդ գործընթացը դատապարտված է ձախողման»,- ընդգծեց ՔՊ պատգամավորը:
Ինչ վերաբերում է շարժման հետագային, նշեց՝ ակնհայտ է, որ մարդիկ մտածում են իրենց երեսը փրկելով պրոցեսից դուրս գալու մասին:
«Չգիտեմ՝ ինչքանով կհաջողեն: Ճիշտ կլինի՝ դա անեն աղոթքով»,- խոսքը եզրափակեց Ալեքսանյանը: