Դերակատարները նույնն են, հայտնի են: Հիմա թե ինչ կերպարանքով հանդես կգան՝ նախասիրության հարց է: Որևիցե նոր բան չենք տեսնում, որևիցե անսպասելի և անծանոթ բան չենք տեսնում: Այսինքն՝ այն պրոցեսները, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում անցյալում, նույնի կրկնությունն է: Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ սրբազանով: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և սահմանազատման գործընթացի մասով դժգոհություններին:
«Անհնար է, որ որևիցե երկրում, որևիցե իշխանություն, այդ թվում՝ մենք, 100 տոկոսանոց աջակցություն [ունենանք] և 100 տոկոսանոց ընկալում ամեն ինչի: Մենք դրանից ենթադրություն ենք անում, որ մեր աշխատանքը է՛լ ավելի պետք է ուժեղացնենք, և մարդկանց հասցնենք այն ամենը, ինչ կատարվում է: Այստեղ կարծիքների բախում է, և ես որևիցե աննորմալ, արտառոց բան չեմ տեսնում»,- ասաց Ալեն Սիմոնյանը և հավելեց, որ սա «նորմալ ժողովրդավարական» գործընթաց է:
Հարցին՝ Ալեն Սիմոնյանը բացառո՞ւմ է, որ մի ընթացք գա, որ իշխող ուժն ընդունի սրբազանի առաջարկած հաշտեցման գործընթացը և առաջընթաց քայլ անի, ԱԺ խոսնակն արձագանքեց՝ ո՞ւմ հետ հաշտություն, դա աբսուրդ է:
«Նախ՝ ինձ համար անընդունելի է, որ եկեղեցականն ու Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ: Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ... Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են: Աստվածաշնչի մեջ էլ է ասված՝ իմ հոր տունը մի՛ սարքեք առևտրի տեղ, քաղաքականությունն առևտուր է, այսինքն՝ ձեզ թվում է՝ երբ մենք միջազգային գործընկերների հետ բանակցում ենք, քաղաքական առևտրով չենք զբաղվո՞ւմ: Քաղաքականությունը առևտուր է: Առևտուր է, երբ կոալիցիա ես ստեղծում, երբ ցուցակ ես կազմում, և Եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով»,- ասաց Ալեն Սիմոնյանը: