Մի քանի օր առաջ ձեր վեղարով առաջնորդը սուտ էր տարածել, որ Ալիևը ինչ-որ մի երգի ներքո շրջում է Շուշիով, և ձեր առաջնորդը երեկ հայտարարեց, որ սխալվել է, արձանագրեց, որ սուտ տեղեկություն է տարածել: Հիմա ձեր պատգամավորը նույնիսկ ձեր առաջնորդի հերքած սուտը կրկին այս ամբիոնից տարածեց: Այդ մասին ԱԺ նիստին ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթին:
«Դուք քաղաքական հեթանոսներ եք, գիտե՞ք՝ ինչու: Որովհետև Հայաստանում 2018 թվականին հաստատվել է նոր քաղաքական հավատամք, դա կոչվում է ժողովրդավարություն: Դուք՝ որպես քաղաքական հեթանոսներ, ուզում եք վերականգնել հին քաղաքական հավատամքը, որի անունն էր գողապետություն: Ձեր քաղաքական հեթանոսության շարժումն էլ ունի քաղաքական հեթանոս առաջնորդ...
Դուք այն աստիճան քաղաքականապես սնանկ եք, որ, քաղաքական տեքստ և տեսլական գեներացնելու անկարողությունից դրդված, հոգևորականի սքեմի ներքո փորձում եք Հայաստանում քաղաքական իշխանություն զավթել: Իսկ ձեր գնահատականը սա է՝ դուք քաղաքական հեթանոս եք, և Հայաստանում փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոս շարժում, որպեսզի վերադառնանք քաղաքական գողապետությանը: Բայց Հայաստանում նոր քաղաքական հավատամք կա, և վերադարձ անցյալին անհնար է»,- ասաց նա:
Իր ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ չի հասկանում՝ ինչ է նշանակում սահմանազատման գործընթացի մասով իշխանության ձևակերպումը, այն է՝ «սահմանների վերարտադրություն»: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հակադարձեց՝ ստացվում է պատգամավորը պնդում է, որ Հայաստանը սահման չունի:
«Հիմա դուք ասում եք, Դուք՝ երկրորդ խմբակցության քարտուղար, ԱԺ ամբիոնից հայտարարում եք, որ ՀՀ-ն սահման չունի: Հիմա որ մեր հակառակորդը գա, ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, այն ժամանակ ի՞նչ եք ասելու: Հետևե՛ք ձեր բառապաշարին, ՀՀ-ն ունի կոնկրետ հստակ սահման՝ իրավական հիմքերով»,- ասաց Ալեն Սիմոնյանը: