Վրաստանի խորհրդարանի խոսնակն անդրադարձել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրինագծի նկատմամբ վետո կիրառելու՝ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի որոշմանը: Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ կհաղթահարեն վետոն՝ քանի որ մեծամասնությունը բավարար ձայներ ունի դա անելու համար:
«Տիկին Սալոմեն բոլոր հնարավոր միջոցներով ցույց տվեց, որ իրեն այս երկրի քաղաքացի չի համարում, նա ծաղրում է մեր ժողովրդին»,- պնդել է Պապուաշվիլին:
Նա նշել է, թե վետո կիրառելով՝ նախագահը փակում է օրենքի վերջնական տեսքի շուրջ քննարկումների պատուհանը:
Հիշեցնենք՝ Թբիլիսիում արդեն տևական ժամանակ է՝զանգվածային ցույցեր են, մի շարք քաղաքացիներ պահանջում են չեղարկել իշխող կուսակցության առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը, որը, նրանց համոզմամբ, կրկնում է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը և նպատակ ունի սահմանափակելու օտարերկրյա ֆինանսավորում ստացող ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Թբիլիսիի արևմտյան գործընկերներն էլ նախազգուշացնում են՝ եթե օրինագիծը հաստատվի, ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը կասկածի տակ կդրվի: Չնայած դրան՝ հանրապետության վարչապետը հաստատակամ է՝ նախագիծն ընդունվելու է, ամրապնդելու է երկրում ժողովրդավարությունը և միայն նպաստելու Վրաստանի եվրոպական ինտեգրմանը:
Մանրամասները՝ ռեպորտաժում։