ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 18-ին ոստիկանության Կապանի բաժին փակ բաժնետիրական մի ընկերության աշխատակցից հաղորդում էր ստացվել, որ մայիսի 17-ի ժամը 16-ից մայիսի 18-ի ժամը 8-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը ջարդել, մտել են ընկերության տարածքում գտնվող փաթեթավորման արտադրամաս և գողացել 56 պղնձե փաթույթ՝ մոտ 425 կգ ընդհանուր քաշով:
«Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ ՓԲԸ արտադրամասից գողությունը կատարել էր Քաջարան քաղաքի բնակիչ 35-ամյա երիտասարդը: Պարզվել է նաև, որ նա իր «Ֆորդ» մակնիշի մեքենայով գողոնը տեղափոխել էր Շինուհայր և վաճառել նույն գյուղի մի բնակչի:
«Քաջարանցի երիտասարդը ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին: Նա ձերբակալվել է: Հայտնաբերվել և ոստիկանության Կապանի բաժին է ներկայացվել նաև Շինուհայրի բնակիչը: Նա հայտնել է, որ մայիսի 18-ին քաջարանցի երիտասարդից գնել է 400 կգ պղնձե փաթույթ՝ վճարելով 1 միլիոն 100 հազար դրամ:
Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ: