Անցած շաբաթվա ընթացքում ուկրաինական զորքերը կարողացել են ամրապնդել իրենց դիրքերը Խարկովի մարզում։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զեկույցից հետո։ Նախագահի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը բարելավել են դիրքերը նաև Դոնեցկի ուղղությամբ, մասնավորապես՝ Չասով Յարի շրջանում, քաղաք, որը ռուսական զորքերը փորձում էին գրավել վերջին մի քանի օրերին։
Մայիսի 10-ին ռուսական զորքերը կտրուկ ուժեղացրել են Ուկրաինայի սահմանամերձ տարածքների հրետակոծությունը Խարկովի մարզում։ Նույն օրը նրանք հարձակում են սկսել մի շարք շրջանում, իսկ ավելի ուշ վերահսկողություն են հաստատել մի քանի բնակավայրի հանդեպ։
Մայիսի 19-ին Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Խարկովի շրջանի մի շարք գյուղերի։ Հրետակոծության հետևանքով 11 մարդ է զոհվել, Խարկովի մարզում մայիսի 20-ը սգո օր է հայտարարվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակը «այսօրվա դրությամբ» չի նախատեսում գրավել Խարկովը։ Նա բացատրել է, որ հարձակողական գործողության նպատակն է «սանիտարական գոտի» ստեղծել Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանին: Որոշման պատճառը, ըստ Պուտինի՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի սահմանային շրջանների հթիռակոծումն է:
Ըստ վերջին տվյալների՝ ուկրաինական զինված ուժերի հրետակոծության հետևանքով 16 մարդ է տուժել Բելգորոդի շրջանում, նրանց թվում կան երեխաներ: