Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերի հետ: Հանդիպմանը մասնակցել են արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը:
Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացումը, որն ընդգրկում է փոխադարձ հետաքրքրության բազմաթիվ ոլորտներ, և շեշտել է, որ երկու երկրների հարաբերություններում զարգացման մեծ ներուժ կա:
Բրենդոն Յոդերը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են:
Հանդիպման ընթացքում պատգամավորները ներկայացրել են իրավապահ համակարգում և դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը և շնորհակալություն են հայտնել ամերիկյան կողմին այդ բարեփոխումների ճանապարհին շարունակական աջակցության համար:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: