Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, պատրաստվում է անվստահություն հայտնել վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:
Քվեարկությունը նախաձեռնել է «Ավոդ» ձախ կենտրոնամետ կուսակցությունը, որը կառավարությանը մեղադրում է «պետության կառավարման ամոթալի ձախողման համար»: Կուսակցությունը համոզված է, որ ներկա կառավարության՝ «իշխանության ղեկին մնալու յուրաքանչյուր օրը վտանգ է ներկայացնում Իսրայել Պետության համար»:
Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ «Ավոդը» Նեթանյահուի կաբինետին մեղադրում է «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից պահվող 128 պատանդին տուն վերադարձնելու անկարողության և Իսրայելի քաղաքացիների համար անհրաժեշտ անվտանգություն չապահովելու համար»։
Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածը կառավարող արմատական ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները հարձակվեցին Իսրայելի վրա՝ սպանելով մոտ 1200 հիմնականում խաղաղ բնակչի, գերեվարեցին ավելի քան 250 մարդու։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ, ինչի հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, զոհվել է ավելի քան 35 հազար մարդ։ Բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ Իսրայելի կառավարությանը մեղադրել են չափից ավելի ուժ կիրառելու համար։ Կառավարության գործողությունները քննադատել են նաև երկրի ներսում։