Այսօր առավոտից Կիրանցում ԱԱԾ-ն իրականացրել է սահմանի պահպանությունը ստանձնելու նախապատրաստական աշխատանքներ: Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիներն այդ ընթացքում գյուղի մուտքի մոտ պահանջել են, որ իրենց նույնպես թույլ տան մտնել գյուղ: Ոստիկանությունը թույլ չի տվել՝ հայտարարելով, որ Կիրանցի մուտքի մոտ քաղաքացիների հավաքն անօրինական է: Կուտակված մարդիկ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գլխավորությամբ, պնդել են իրենց պահանջը, որին հաջորդել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մի քանի անդամի բերման ենթարկելը: Այնուամենայնիվ, շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտել է Կիրանց:
«Մեր երկրում պիտի ոչ ոք մեզ չարգելի որևէ բան անելու, որտեղ ուզենանք, պիտի գնանք, ինչպես ուզենանք, պիտի գնանք: Կարևոր չէ, և սա... կարևոր չէ, ես շատ մարդկայնորեն իջել եմ մեքենայից, եկել, առաջին խնդրանքս եղել է՝ թույլ տվեք, խնդրում եմ, գնամ, մեր սիրելի գյուղացիներին 14 օր չեմ տեսել, տեսնեմ, վերջիվերջո իրենց հոգևոր հովիվն եմ, 10 տարի ծառայել եմ էս մարդկանց, մարդիկ ասեցին՝ ոչ: Օրենքը, չգիտեմ ինչ, արգելում ա: Դե ոչ՝ ոչ: Հիմա դառա՞վ այո»,- ասել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։