Թայբեյում տեղի է ունեցել Թայվանի նորընտիր ղեկավար Լայ Չինդեի երդմնակալության արարողությունը: Դրան ներկա են եղել ավելի քան 500 օտարերկրյա հյուրեր, այն թվում՝ Միացյալ Նահանգներից: Չինդեն իր ելույթում հայտարարել է՝ ակնկալում է, որ Չինաստանի իշխանության հետ հնարավոր կլինի կառուցողական բանակցություններ վարել: «Հուսով եմ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հարգելու է Թայվանի ժողովրդի ընտրությունը և առճակատումը փոխարինելու է երկխոսությամբ»,- նշել է պաշտոնյան: Նա կոչ է արել Պեկինին ռազմատենչ քաղաքականություն չվարել և պատերազմի հող չստեղծել:
Չինաստանի Պետական խորհրդին կից Թայվանի հարցերով գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Չեն Բինհուան արձագանքել է Լայ Չինդեի ելույթին, հայտարարել՝ Թայվանի նեղուցում բարդ իրավիճակ է ստեղծվել՝ գլխավորապես այն պատճառով, որ տեղական իշխանությունը Թայվանի անկախության գաղափարներ է քարոզում և մերժում է «մեկ Չինաստանի» սկզբունքը:
Պաշտոնյան շեշտել է՝ «Թայվանի հարցը լուծվելու է, լինելու է վերամիավորում: Չինաստանը վճռական է՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը»: