Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են` ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 20-ին, որին մասնակցել են հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Հակոբ Ասլանյանը և Նարեկ Բաբայանը, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն:
«Հայաստանն ապրում է իր ինքնիշխանության կարևորագույն օրերից մեկը, և մենք հենց այս օրերին իրականացնում ենք մի գործընթաց, որն անկախությունից ի վեր աննախադեպ է, և լիահույս ենք, որ գործընթացը կհասցվի ավարտին, և խաղաղության դարաշրջանի սկիզբը կդրվի մեր տարածաշրջանում»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը: Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի գործընկերներին այս գործընթացում պարբերաբար աջակցելու և խաղաղության օրակարգն առաջ մղելու համար: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը համակ ուշադրությամբ է հետևում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, և հույս է հայտնել, որ լարված իրավիճակը կհարթվի, և Վրաստանը կշարունակի իր ժողովրդավարական ուղին:
«Հայաստանն ու Վրաստանը դարավոր բարեկամներ են և համագործակցում են բազմաթիվ ուղղություններով: 2022 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի ու Վրաստանի խորհրդարանների երկու հանձնաժողովների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, և համագործակցությունը շատ արդյունավետ է ընթանում»,- ասել է Էլիսո Բոլքվաձեն: Նա ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների` մայիսի 10-ին տեղի ունեցած հանդիպումը Ղազախստանում և հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի խաղաղ համակեցությունը: Անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին` հանձնաժողովի նախագահը նշել է, որ Վրաստանը դեռևս շարունակում է պայքարն իր ինքնիշխանության համար և ամեն ինչ կանի իր անկախությունը պահպանելու ուղղությամբ: Նա կարևորել է խաղաղության հաստատումը երկրում և տարածաշրջանում:
Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն փաստել է, որ հայ-վրացական հարաբերությունները պատմական նոր դարաշրջան են ապրում, մի շարք ոլորտներում զարգանում է փոխգործակցությունը:
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև հաստատված պատմական և եղբայրական հենք ունեցող հարաբերությունները, ընդգծել խաղաղության արժեքը, ինչպես նաև քննարկել հուշագրի շրջանակում իրականացված և առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: