Երկուշաբթի ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված է ներկայացնել օրինագիծ՝ պատժամիջոցներ սահմանելու վրացի այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք պատասխանատու են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման համար։ Այդ մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթի նախագծին։
Ըստ պարբերականի՝ օրինագիծը նախատեսում է ամերիկյան պատժամիջոցների կիրառում վրացի այն պաշտոնյաների և մյուս անձանց դեմ, որոնք «նյութական պատասխանատվություն են կրում Վրաստանի ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու անվտանգությունը վնասելու համար»։ Մասնավորապես, նախատեսվում է սառեցնել ակտիվները և մուտքի արտոնագրի արգելք սահմանել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման համար պատասխանատու քաղաքական գործիչների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար։ Բացի այդ, սահմանափակումներ կուղղվեն Վրաստանի իրավապահ մարմինների դեմ, որոնք մասնակցել են օրենքին դեմ արտահայտվող ցուցարարների ցրմանը:
Politico-ն, վկայակոչելով անանուն աղբյուրը, նշել է, որ կոնգրեսական Ջո Վիլսոնը՝ Հարավային Կարոլինայից, օրինագիծը կներկայացնի այսօր։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը մայիսի 14-ին ասել էր, որ Միացյալ Նահանգները անհատական պատժամիջոցներ կսահմանի Վրաստանի ղեկավարության նկատմամբ, եթե երկրում ժողովրդավարությունը խարխլվի։