Էրեբունի վարչական շրջանում և ոչ միայն այդտեղ ամառային սեզոնին ջրի որակն էականորեն վատթարանում է: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Վեոլիա ջուր» ընկերության «Երևան» շահագործման տնօրեն Մխիթար Գալստյանը զեկուցեց, որ այս տարի արդեն իսկ իրականացվել են որոշակի միջոցառումներ, որպեսզի Արարատյան խորքային հորերից դեպի Էրեբունի վարչական շրջան մղվող ջրի մոտ 50 տոկոսը փոխարինվի Գառնու ջրով, որպեսզի բնակչության շրջանում շատ չզգացվի ջրի որակական փոփոխությունը:
Ավինյանը հավելեց՝ Երևան մտնող երկու հատվածներում՝ Նոր Հաճնում և Բալահովիտում, ևս ջրի կորուստների հետ կապված խնդիրներ կան:
Մխիթար Գալստյանը տեղեկացրեց՝ Բալահովիտում սկսվել են ջրագծերի փոխարինման, վերակառուցման աշխատանքները: Ավարտից հետո որոշակի կարգավորումներ կլինեն, ուստի Բալահովիտում արդեն իսկ արդյունքներ կան:
«Նոր Հաճնում դեռ վիճակը նույն է, որևէ փոփոխություն չունենք: Ահռելի կորուստ կա: Նոր Հաճն համայնքի ցանցը քանի որ չի սպասարկվում մեր ընկերության կողմից, դեռ որևէ վերահսկողություն չենք կարողանում իրականացնել»,- ասաց Գալստյանը:
Տիգրան Ավինյանը պարզաբանեց՝ Բալահովիտում և Նոր Հաճնում ջրի կորուստներն առնչվում են Երևանի հետ, քանի որ այդ ջրագծով է ջուրը գալիս մայրաքաղաք, դրանով է սնուցվում Երևանը:
«Իսկ որևէ քննարկում, որևէ լուծման տարբերակ ՏԿԵՆ-ի հետ, իրավապահ մարմինների հետ [եղե՞լ է]... Փաստացի, ոնց հասկանում եմ, ջրագողություն է տեղի ունենում ինդուստրիալ ծավալների»,- արձագանքեց Ավինյանը:
Մխիթար Գալստյանն ասաց, որ այս պահին քննարկվում է Նոր Հաճն համայնքը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին որպես վարձակալություն հանձնելու գործընթացը, բայց վերջնական լուծումներ դեռ չկան:
Ավինյանը պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեց խնդրի վրա՝ հաշվի առնելով, որ ջրի առաջին շահառուն Երևան քաղաքն է, և խմելու որակյալ ջրի պակասը նաև նմանատիպ խնդիրներով է պայմանավորված:
«Պետք է այս տարի միասնական և կտրուկ գործողություններով հարցը լուծել, որ արտեզյան հավելյալ ջրերի մեծ քանակի կարիք չլինի»,- ասաց Ավինյանը: