Այս շաբաթ Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման ծրագիրը, որի արժեքը 800 մլրդ դրամ է:
Ներդրումային ծրագրով գործադիրը որոշել է տեղահանված ընտանիքներին աջակցել 3 բաղադրիչով՝ հավաստագրի միջոցով բնակարանի կամ տան ձեռքբերում, անհատական բնակելի տան կառուցում ու հիփոթեքային վարկի մարում՝ ընտանիքի ամեն անդամին 2 մլն-ական դրամ հատկացնելու միջոցով:
Ծրագիրն իրականացվելու է 3 փուլով, 5 տարվա ընթացքում: Նախատեսվում է, որ մոտ 25 հազար ընտանիք կկարողանա ձեռք բերել անշարժ գույք: Առաջին փուլը կմեկնարկի ծրագրի ընթացակարգը հաստատելուց հետո՝ հունիս-հուլիս ամիսներին:
Տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրվող ֆինանսավորման չափը տարբեր է՝ կախված բնակարանի վայրի ընտրությունից:
Թե որ տարբերակից օգտվել, որոշելու է ընտանիքը:
Պարտադիր պայմաններից առաջինը Հայաստանի քաղաքացիություն ունենալն է. այս պահի դրությամբ այդ նպատակով միգրացիոն ծառայություն դիմել է 1924 անձ:
Հայաստանում մշտական բնակություն հաստատելու որոշում կայացրած ընտանիքներից մեկին Մայա Խաչատրյանն է այցելել: