Խարկովի շրջանի վրա ռուսական ուժերի հարձակման նպատակը ամբողջ ճակատում Ուկրաինայի պաշտպանության ուժերը թուլացնելն է՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
«Խարկովի շրջանի Վովչանսկի, Լիպցիի, Կուպյանսկի ուղղություններում զսպում ենք Ռուսաստանի ճնշումը: Ուշադրության կենտրոնում է նաև Դոնեցկի ուղղությունը, հատկապես՝ Պոկրովսկը, որտեղ այժմ ամենադժվար մարտերն են»,- մանրամասնել է Ուկրաինայի նախագահը:
France-Presse-ի հետ հարցազրույցում Զելենսկին նշել է, որ Խարկովի ուղղությամբ ռուսական գործողությունը կարող է մի քանի ալիքից բաղկացած լինել, առաջինն արդեն իրականացվել է, սակայն իրավիճակը վերահսկելի է:
«Այնուհանդերձ, պետք է սթափ լինենք և հասկանանք, որ նրանք խորանում են մեր տարածք: Բայց նաև գիտակցում են, որ Խարկովի պես մեծ քաղաքի վրա հարձակվելը դժվար է: Մենք ունենք ուժեր, որոնք դեռ երկար են պայքարելու»,- նշել է նա:
Զելենսկին նաև մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինայի տարածքը երկնքում պաշտպանելու համար բավականաչափ միջոցներ չկան: