Այսօր տեղի է ունեցել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը՝ մշակույթի ուղղությամբ դասավանդողների համար։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Մայիսի 18-ին անցկացված ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Դանիել Դանիելյանն այցելել են Երևանի թիվ 155, 135, 6 հիմնական և թիվ 190 ավագ դպրոցներում գործող քննական կենտրոններ։
Նախարարի տեղակալները շրջել են քննական կենտրոններում, զրուցել ատեստավորմանը մասնակցող մանկավարժների հետ՝ նրանց մաղթելով հաջողություն։ Երևանի թիվ 135 դպրոցի քննական կենտրոնում 89 հայտագրվածից ներկա է եղել 67֊ը, թիվ 155 դպրոցի քննական կենտրոնում՝ 120 հայտագրվածից 110֊ը, Երևանի թիվ 6 դպրոցում 84֊ից` 72֊ը, իսկ թիվ 190 ավագ դպրոցում՝ 95֊ից 92֊ը։
Ընդհանուր 388 հայտագրվածից կամավոր ատեստավորման գիտելիքի ստուգման քննությանը ներկայացել է 341֊ը։
Մայիսի 18-ի կամավոր ատտեստավորումն իրականացվել է հետևյալ ուղղություններով՝
Դաշնամուր (2-րդ խումբ), սոլֆեջո, երաժշտական գրականություն (երաժշտության բաժին), երաժշտական գրագիտություն (պարարվեստի, թատերարվեստի բաժին) Քանոն, թառ, ուդ, քամանչա, դհոլ, ջութակ, թավջութակ, դուդուկ, սրինգ, բլուլ, շվի։
Կերպարվեստի հիմունքներ և նկարչություն, գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, քանդակ, ծեփագործություն, կիրառական արվեստի հիմունքներ, գորգագործություն, կարպետագործություն, գոբելեն, խեցեգործություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն։
Վաղը՝ մայիսի 19-ին, տեղի կունենա սպորտի ուղղությամբ դասավանդող մարզիչների կամավոր ատեստավորումը։