Խարկովի շրջանի վրա ռուսական ուժերի հարձակման նպատակը ամբողջ ճակատում Ուկրաինայի պաշտպանության ուժերը թուլացնելն է՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
«Խարկովյան Վովչանսկի, Լիպցիի, Կուպյանսկի ուղղություններում զսպում ենք Ռուսաստանի ճնշումը: Ուշադրության կենտրոնում է նաև Դոնեցկի ուղղությունը, հատկապես Պոկրովսկը, որտեղ այժմ ամենադժվար մարտերն են»,- մանրամասնել է Ուկրաինայի նախագահը:
Ֆրանս Պրեսի հետ հարցազրույցում էլ Զելենսկին նշել է, որ ռուսական հարձակումը կարող է մի քանի ալիքից բաղկացած լինել, և առաջինը խարկովյան ուղղությունն է: Նրա խոսքով՝ իրավիճակը Խարկովի շրջանի ուղղությամբ վերահսկելի է, սակայն կայուն չէ:
«Պետք է սթափ լինենք և հասկանանք, որ նրանք խորանում են մեր տարածքում: Բայց նաև գիտակցում են, որ Խարկովի պես մեծ քաղաքի վրա հարձակվելը դժվար է: Մենք ունենք ուժեր, որոնք դեռ երկար են պայքարելու»,- զգուշացրել է նա:
Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինայի տարածքը երկնքից պաշտպանելու համար բավականաչափ միջոցներ չկան:
«Այնուհանդերձ, Ուկրաինան դեմ է ցանկացած զինադադարի, որը առավելություն կտա Մոսկվային: Ուկրաինան և Արևմուտքը նույն արժեքներն են դավանում, բայց պատերազմի ավարտի հետ կապված հաճախ տարբեր հայացքներ ունեն»,- ասել է Զելենսկին՝ մեկնաբանելով Օլիմպիական խաղերի ընթացքում հրադադար հաստատելու՝ Ֆրանսիայի առաջարկը: