Բաքուն արձագանքել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենի հայտարարություններին: Վերջինս Ադրբեջանն անվանել էր բռնապետություն և նշել, որ Բաքուն խառնվում է Նոր Կալեդոնիայի ներքին գործերին:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն Ֆրանսիայից պահանջել է ներողություն խնդրել, հավելել՝ «հակառակ դեպքում դա է՛լ ավելի մեծ բացասական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա»:
Ըստ Հաջիզադեի՝ «ի տարբերություն Ֆրանսիայի՝ Ադրբեջանում լիովին ապահովվում են հիմնարար իրավունքներն ու ազատությունները»:
«Անկախության վերականգնումից ի վեր՝ Ադրբեջանը մշտապես ձևավորվել և զարգացել է որպես ժողովրդավարական արժեքներին հավատարիմ հասարակություն»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։