Խարկովի ուղղությամբ ծանր բախումները շարունակվում են: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ ռուսական ուժերը 70 կիլոմետրով ընդլայնել են ակտիվ մարտական գոտին՝ ստիպելու Ուկրաինային ռեզերվային բրիգադներ ներգրավել։
«Հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Ստրելեչյա-Լիպցի և Վովչանսկի ուղղություններում՝ հետագայում ուկրաինական զորքերի թիկունքում առաջ շարժվելու նպատակով»,- նշել է Սիրսկին։ Նա հավելել է, որ ռուսական ուժերին դեռևս չի հաջողվում ճեղքել պաշտպանությունը:
Չնայած ռուսական կողմի հայտարարություններին, որ Խարկովի շրջանի որոշ ուղղություններում ուկրաինացի զինվորականները նահանջում են, Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ ուկրաինական զորքերին հաջողվել է «կայունացնել» իրավիճակը Խարկովի շրջանի հյուսիսում:
Նրա խոսքով՝ ռազմաճակատի այդ հատվածում ռուսական զորքերն առավելագույնը 10 կիլոմետր են առաջ շարժվել: «Նրանց հիմնական թիրախը Վովչանսկն է»,- ասել է Զելենսկին: Նա նաև տեղեկացրել է, որ պատերազմից ի վեր առաջին անգամ ուկրաինական ուժերը հրետանային արկերի պակաս չեն զգում:
Խարկովի շուրջ զարգացումներին է անդրադարձել Վլադիմիր Պուտինը: Կրեմլի ղեկավարը նշել է՝ ներկայումս Խարկովը գրավելու պլաններ Մոսկվան չունի:
«Այն, ինչ տեղի է ունենում Խարկովի ուղղությամբ, Ուկրաինայի մեղքն է, քանի որ նրանք գնդակոծում են սահմանամերձ տարածքների բնակելի թաղամասերը, այդ թվում՝ Բելգորոդը»,- նշել է Պուտինը: Ռուսաստանի նախագահը հավելել է. «Հրապարակավ ասել եմ՝ եթե այսպես շարունակվի, մենք ստիպված կլինենք անվտանգության սանիտարական գոտի ստեղծել։ Հենց դա էլ հիմա անում ենք»:
Պուտինը խոսել է ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ հնարավոր բանակցություններից: Նրա խոսքով՝ որպես հիմք կարող են ծառայել 2022 թվականի գարնանը Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կրեմլի ղեկավարը նախազգուշացրել է՝ առանց Մոսկվայի ներկայության, այդ թվում՝ առաջիկա շվեյցարական համաժողովում համաձայնեցված կարգավորման որևէ վերջնագիր Ռուսաստանը չի ընդունելու: