Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել գործակալության պաշտոնական կայքի և Անձնական տվյալների պաշտպանության առցանց դասընթացի շնորհանդեսը: Գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն ընդգծել է, որ շուրջ 10 տարի գործող կառույցի համար կայքի ստեղծումը կարևոր է ՝ ուղիղ, ոչ միջնորդավորված կապ հաստատելու քաղաքացիների, շահագրգիռ կառույցների ու անձանց հետ, և նաև այս միջոցով ապահովելու Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ իրազեկվածությունը:
Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության պատվիրակմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ֆոնդի» հայաստանյան ծրագրերի համակարգող/տարածաշրջանային ծրագրի ղեկավար Հրաչիկ Յարմալոյանը ներկայացրել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ ընթացող բազմամակարդակ արդյունավետ համագործակցության մասին՝ առանցքային կարևորություն հաղորդելով Գործակալության կայքի ներկայացմանը և Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում հանրային ծառայողների համար մշակված առցանց դասընթացին, որն իր տեսակի և ձևաչափի մեջ առաջինն է Արևելյան գործընկերության տարածաշրջանում:
Հրաչիկ Յարմալոյանը նշել է, որ տեսանելի են այն ջանքերը, որ գործադրում են թե՛ արդարադատության նախարարությունը և թե՛ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ այս ոլորտը զարգացնելու և անձնական տվյալների պաշտպանության իրավունքի կայացումը Հայաստանի Հանրապետությունում ապահովելու ուղղությամբ:
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել է Հանրային ծառայողների համար նախատեսված անձնական տվյալների պաշտպանության դասընթացի բովանդակությունը: 7 մոդուլներից, դրանց վերաբերյալ թեստերից, աուդիովիզուալ, խաղարկային բաղադրիչներից բաղկացած դասընթացը հասանելի է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության (Pdpa.am) պաշտոնական կայքում:
Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ էլեկտրոնային դասընթացն ստեղծվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության, Քաղաքացիական ծառայության գրասենյակի, Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի ակտիվ համագործակցությամբ և ֆինանսավորվել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից: