ԵՄ-ն ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում առաջընթացը, որը հիմնված է 1991թ. Ալմա Աթայի համաձայնագրի, ավելի կոնկրետ` մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 9-րդ հանդիպման ժամանակ ստորագրված արձանագրության վրա, որը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի։ Այդ մասին ասված է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հաղորդագրության մեջ։
«ԵՄ-ն խրախուսում է կողմերին հետագա վճռական քայլեր ձեռնարկել այլ երկկողմ չկարգավորված նշանակալի խնդիրների լուծման համար և հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերին աջակցելուն»,- նշված է հաղորդագրության մեջ: