ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 38-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև վերջինիս 47-ամյա ընկերոջ սպանության դեպքի հանգամանքները։
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2023 թ․ մայիսի 15-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի 37-ամյա բնակիչ Ա․Ե․-ն, գումարային հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, զանգահարել է 38-ամյա վերոնշյալ տղամարդուն, ովքեր պայմանավորվել են հանդիպել վերջինիս ընկերոջ կողմից վարձակալած, Երևան քաղաքի Արա Սարգսյան փողոցում գտնվող գրասենյակում:
Նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Ա․Ե․-ն, մի խումբ անձանց հետ, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով գնացել է նշված գրասենյակ, որտեղ հանդիպել են Երևանի 38-ամյա բնակչին և նրա կողմնակիցներին։
Հիշյալ հարցի քննարկման ընթացքում, 38-ամյա տղամարդու կողմից Ա․Ե․-ին հասցեագրված արտահայտության պատճառով, վերջինս և նրա ընկերները , սեփական անձի առավելությունն ու գերակայությունը ընդգծելու մղումներով, նպատակադրվել են ապօրինաբար կյանքից զրկել 38-ամյա տղամարդուն և նրա 47-ամյա ընկերոջը։
Ա․Ե․-ն և նրա 29-ամյա կողմնակիցը, իրենց մոտ ապօրինի կերպով պահվող 9 մմ տրամաչափի ատրճանակով դիտավորությամբ կրակոցներ են արձակել 38-ամյա տղամարդու ուղղությամբ, Ա․Ե․-ի կողմնակիցները սուր ծակող-կտրող առարկայով, գրասենյակի պատին կախված ժամացույցով, ինչպես նաև իրենց մոտ առկա ատրճանակի բռնակով և ձեռքերով հարվածներ են հասցրել 38-ամյա տղամարդու և նրա 47-ամյա ընկերոջ գլխին և մարմնի տարբեր մասերին:
Ա․Ե․-ի և նրա կողմնակիցների հանցավոր գործողությունների հետևանքով 47-ամյա տղամարդուն պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, վերջինս մի քանի օր անց՝ մայիսի 18-ին, բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է, իսկ 38-ամյա տղամարդու սպանությունը, իրենց կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, վերջինիս ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նշված հանցավոր գործողությունների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել հիշյալ տուժողների կողմնակիցներից ևս երկուսը։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած նշված 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և հայտարարվել է հետախուզում։
2023 թ․ սեպտեմբերին հետախուզման մեջ գտնվող մեղադրյալներից մեկը հայտնաբերվել է, երկուսն ինքնակամ ներկայացել են քննչական մարմին։
Հիշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 12-րդ և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 12-րդ կետերով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Հիշյալ երեք մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Մյուս մեղադրյալի մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: