ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարար Կանատ Բիսիմբաևի գլխավորած պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել երկու երկրների միջև հատկապես վերջին տարիներին առկա բազմոլորտ համագործակցությունը։ Կանատ Բիսիմբաևը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուցվածքերի զարգացման, շինարարության ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր։
Ղազախական կողմը հետաքրքրություն է հայտնել Հայաստանում տարբեր ենթակառուցվածքների շինարարության ոլոտում ղազախական ընկերությունների հնարավոր մասնակցության վերաբերյալ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն աշխատանքային կարգով քննարկել փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները: