Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է եղել Աչքի առողջության ինստիտուտի բացմանը:
Նորակառույց ակնաբուժական կլինիկան հագեցած է ժամանակակից սարքավորումներով և պատրաստ է մատուցել բարձրորակ ակնաբուժական ծառայություններ: Այն հանդիսանում է ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնի բազա:
«Նորաբաց այս կլինիկան ոչ միայն ձեր, այլև բոլորիս ձեռքբերումն է, որովհետև ծառայելու է մեր քաղաքացիներին, նպաստելու է առողջապահական համակարգի որակի բարձրացմանը, և վստահ եմ` այս շենքում նոր ծառայությունների ներդրմամբ առաջընթաց կգրանցենք: Այս տարի նոր տեխնոլոգիաների կիրառմամբ փոխպատվաստման գործընթացը նոր ծավալով կիրականացնենք. ակնկալում ենք կենտրոնի ներգրավվածությունը նույնպես»,- իր խոսքում նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը, ակնաբանության գծով ԱՆ խորհրդատու, ԱԱԻ աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ Արտաշես Զիլֆյանի հետ շրջայց է կատարել կենտրոնում` հատկանշելով Հայաստանում նոր չափանիշներին համապատասխանող ակնաբուժական ծառայությունների կազմակերպումը:
Անահիտ Ավանեսյանը խոսել է ակնաբուժության բնագավառում մեր երկրի ձեռքբերումների վերաբերյալ և ընդգծել ոլորտում գիտակրթական և հետազոտական աշխատանքների շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը: