Նախագծերի կարգավորման առարկան շրջանառության հարկի համակարգի գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերն են և այդ գործունեության տեսակների մասով շրջանառության հարկի հաշվարկման մոտեցումների վերանայումը, ինչպես նաև շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործելու առումով սահմանափակված գործունեության տեսակների շրջանակը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջև տարբերությունը, սահմանել փաստաթղթավորված ծախսերի հիման վրա հարկի նվազեցման միասնական մոտեցում, բարձրացնել հարկման տարբեր համակարգերում գործարքների փաստաթղթավորման մակարդակը, ինչպես նաև սահմանափակել գործունեության որոշ տեսակների հարկումը շրջանառության հարկի կամ միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգերում: Արման Պողոսյանը նշել է, որ այսօր շրջանառության հարկ է վճարում շուրջ 55 հազար տնտեսվարող: Ըստ նրա՝ այս փաթեթով առաջարկվում են նաև այնպիսի լուծումներ, որոնք այսօր արդեն կխրախուսեն շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխվելը:
Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները ներկայացրել են առաջարկներ և դիտողություններ, հորդորել նախագծերի փաթեթը հավելյալ քննարկել՝ հրավիրելով շահագրգիռ ոլորտների ներկայացուցիչների, ինչին զեկուցողը դրական է արձագանքել:
Հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել: