Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ճանապարհային ցանցի և թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը: Մայիսի 17-ին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը՝ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:
«Ըստ էության՝ այս կարգավորումներով մենք ապահովում ենք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով պահանջվող երկու հրահանգների (դիրետիվների) մոտարկումը մեր ներպետական ազգային օրենսդրության մեջ»,- նշել է հիմնական զեկուցողը՝ կարևորելով ճանապարհային անվտանգության աուդիտի անցկացման պարտադիր պահանջի սահմանումը ճանապարհների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ժամանակ: Ճանապարհային անվտանգության աուդիտը նախատեսվում է իրականացնել ճանապարհների նախագծման, շինարարության և ճանապարհը շահագործման հանձնելուց մեկ տարի հետո: Ընդ որում՝ ճանապարհային անվտանգության աուդիտորը չի կարող ներգրավված լինել ճանապարհային անվտանգության աուդիտի ենթակա ավտոմոբիլային ճանապարհի նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության, ինչպես նաև շինարարության իրականացման գործընթացներում: Ըստ Քրիստինե Ղալեչյանի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացված առաջարկությունները հիմնականում եղել են տեխնիկական և խմբագրական բնույթի, որոնք ընդունվել են:
Լրամշակված օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծին:
Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Փոխնախարարը հայտնել է, որ նախագծի նպատակը շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման համակարգի վերանայման միջոցով հարկ վճարողների հարկային կարգապահության խթանումն է:
Նախագծի ընդունմամբ կապահովվի շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների՝ շահաբաժին վճարող կազմակերպության հարկային կարգապահական չափորոշիչների բավարարման դեպքում փոխհատուցումը: