«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է քաղաքացիական աշխատանք կատարելու վերաբերյալ հոդվածից փորձագետին առնչվող հատվածն առանձնացնել և իրավակարգավորումները տալ առանձին հոդվածով՝ առանց որևէ բովանդակային փոփոխության: «Հանրային ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխություններն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանն ու նշել, որ տարընկալումներ է առաջացնում այն հարցը, թե ինչու պետք է քաղաքացիական աշխատանք կատարողի ստաժը չհաշվառվի հանրային ծառայության ստաժ, իսկ փորձագետինը հաշվառվի: Առաջարկվում է քաղաքացիական աշխատանք կատարողների հետ կապված իրավակարգավորումները տեղափոխել տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հարաբերությունները կարգավորող հոդված: Տեխնիկական սպասարկում և քաղաքացիական աշխատանք կատարող անձանց անձնական գործերը կվարվեն էլեկտրոնային կարգով այնպես, ինչպես պետական պաշտոն և հանրային ծառայության այլ պաշտոններ զբաղեցնող անձանց անձնական գործերը:
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կարգավորման առարկայում ավելացվում է, որ բացի վարձատրության սկզբունքների, կարգի, աշխատավարձի վճարումից, նաև պետական մարմիններին հատկացված աշխատավարձի և պարգևատրման ֆոնդերի վերլուծության հետ կապված հարաբերությունների վրա է տարածվում: Մինչ այժմ օրենքը նախատեսում էր միայն բազային աշխատավարձի և գործակիցների փոփոխությամբ աշխատավարձի բարձրացման համար աշխատաշուկայի վերլուծություն, իսկ աշխատավարձի ֆոնդի կամ աշխատավարձին հավասարեցված այլ վճարների ընդհանուր վերլուծություն չկար:
Օրենքի գործողության ոլորտում երեք տարին մեկ կատարվող վերլուծությունների իրականացումն (բազային աշխատավարձը վերլուծելու և գործակիցների փոփոխության հնարավորությունները դիտարկելու համար) առաջարկվում է դարձնել մեկ տարի, որ Կառավարությունը հետադարձ կապով միջամտություններին կարողանա հետևել՝ հասկանալու համար, թե ինչ ազդեցություն են ունենում վարձատրության քաղաքականության վրա: Փորձագետների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վարձատրության վերլուծությունը եւս դառնալու է այս օրենքի իրավակարգավորման առարկա:
27.1-րդ նոր հոդված է ավելացվում օրենքում, որով աշխատավարձի և պարգևատրման ֆոնդերի վերլուծության նպատակով պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու հնարավորություն է տրվում: Ըստ Վաչե Քալաշյանի՝ մինչ այս պահը բացի հիմնական աշխատավարձի վերաբերյալ տվյալներից թվայնացման տիրույթում մարմիններից տեղեկատվություն ստանալու որևէ իրավական հիմք չկար, ինչը պետական կառավարման համակարգում գոյություն ունեցող աշխատավարձի և վարձատրության ֆոնդերի բաշխման վերաբերյալ ճշգրիտ վերլուծություն կատարելու հնարավորություն չէր տալիս:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված քաղաքացիական աշխատանքի առանձնացումը հանրային ծառայությունից: «Գուցե մենք ընդհանրապես պետք է հրաժարվենք քաղաքացիական աշխատանք իրականացնող եզրույթից, մի մասին տեղափոխենք տեխնիկական սպասարկման ոլորտ, մյուսին՝ հանրային ծառայության դաշտ»,- նշել է հանձնաժողովի նախագահը:
Վաչե Քալաշյանի դիտարկմամբ՝ կան որոշակի զբաղմունքներ, պաշտոններ, գործառույթներ, որոնք հատուկ չեն մասնագիտական, հանրային այլ ծառայություններին. դրանք անհրաժեշտ է առանձին դիտարկել քաղաքացիական կամ հանրային այլ ծառայություններից: «Համաձայն եմ, որ կան քաղաքացիական աշխատանքի որոշակի տեսակներ, որոնք ուղղակի կրկնում են մասնագիտական այլ ծառայություններում առկա և գործառույթներով ու բնույթով հատուկ աշխատանքներ: Դրանք անհրաժեշտ է մաքրել»,- նման կարծիք է հայտնել զեկուցողը:
Վլադիմիր Վարդանյանն արձագանքելով՝ նշել է, որ պետք է հստակեցնել կամ հրաժարվել քաղաքացիական աշխատանքի ինստիտուտից, որովհետև քաղաքացին պետական հիմնարկում կարող է աշխատել տասնամյակներ և առաջխաղացման հնարավորություն չունենալ, որևէ եղանակով չդիտարկվել հանրային ծառայության պաշտպանության ենթակա անձ:
Հարակից զեկույցում պատգամավոր Կարեն Սարուխանյանն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: