Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի գլխավորած պատվիրակությունը մայիսի 16-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի և ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ:
Պարոն Սթիվեն Վան Վեյենբերգը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հոլանդիայից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից Սթիվեն Վան Վեյենբերգը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: