Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներն այսօր փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ դեմ արտահայտվելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների
պայմանավորվածություններին:
Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու երկու տան գույքային խնդիր է առաջանալու. կառավարությունն արդեն հայտարարել է, որ գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 9-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել: Ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը, արդյոք ծագելո՞ւ են նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարցեր. վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Մյուսները տեղադրված են: