Վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով ժամանել է Անկարա: Վրաստանի ղեկավարի ավտոշարասյունը հանդիսավոր կերպով դիմավորել են հեծյալները և ուղեկցել նախագահական համալիր։
Կոբախիձեին ընդունել են զինվորական պատիվներով։ Դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո Էրդողանը Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիս կանցկացնի, որին կհաջորդի ընթրիք՝ ի պատիվ Վրաստանի վարչապետի:
Կոբախիձեի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի էկոնոմիկայի, պաշտպանության, արտաքին գործերի, կրթության նախարարները, Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն։
Ընդունելության հանդիսավոր արարողությանը մասնակցել են Թուրքիայի կառավարության անդամներ, այդ թվում՝ արտաքին գործերի, պաշտպանության, առևտրի նախարարությունների ղեկավարները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։