Բուլղարական «Բուլղարգազ» պետական ընկերությունը որոշել է «Գազպրոմից» փոխհատուցում պահանջել 2022 թվականի ապրիլին գազի մատակարարումը դադարեցնելու համար։
2022 թվականի մարտի 31-ին նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն՝ ռուսական խողովակաշարով գազի դիմաց օտարերկրյա գնորդների վճարումը պետք է կատարվի բացառապես ռուբլով։ Այդ նպատակով «Գազպրոմբանկը» նրանց համար բացել է ռուբլու և արտարժույթի հատուկ հաշիվներ: Նախատեսված էր, որ օտարերկրյա գնորդը գազի համար վճարի պայմանագրային արժույթով, «Գազպրոմբանկն» այն այնուհետև պետք է վաճառեր Մոսկվայի բորսայում և ռուբլի փոխանցեր «Գազպրոմին»: Եթե պայմանը չկատարվեր, առաքումները դադարեցվելու էին։
Սոֆիան առաջիններից էր, որը հրաժարվեց նոր համակարգից։ Ըստ «Բուլղարգազ»-ի՝ «Մոսկվայի առաջարկած վճարման նոր երկփուլ ընթացակարգը զգալի ռիսկեր է ստեղծում Բուլղարիայի համար, այդ թվում՝ վճարումներ կատարելու առումով՝ առանց ռուսական կողմից գազի որևէ մատակարարում ստանալու»։
Բուլղարական կողմի պահանջների չափը գերազանցում է 400 միլիոն դոլարը, «Բուլղարգազը» կփորձի փոխհատուցում ստանալ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ից անմիջապես, և եթե բանակցությունները չհաջողվեն, ապա հայցը կներկայացվի Փարիզի արբիտրաժ։