Այս տարի սնկից թունավորման 5 դեպք է գրանցվել, տուժել է 8 մարդ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով:
Միֆ է, թե սունկի թունավոր լինելը հնարավոր է ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելը և ըստ դրանց գույին փոփոխության որոշելը:
Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական մշակումից հետո:
Սնկից թունավորման դեպքերը կանխարգելելու համար խորհուրդ է տրվում.
-
սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ
-
չհավաքել սունկ ճանապարհների եզրերից
-
սունկ չգնել պատահական վայրերից
-
ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել միմյանց
Թունավոր սնկերը պարունակում են այնպիսի նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):
-
չուտել հում սունկ
-
երեխաներին չկերակրել սնկով
-
խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ
-
սնկի հետ չօգտագործել ալկոհոլ
-
թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում
-
թունավորման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ։
Սնկից թունավորումն ունենում է սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Կլինիկական հիմնական ախտանշաններն են` որովայնի կտրուկ ցավ, սրտխառնոց, անընդհատ փսխումներ, առատ քրտնարտադրություն, թքահոսություն, գլխապտույտ, գլխացավ, անհագ ծարավի զգացում, հալյուցինացիաներ` առանց քնկոտության, ցնորք, գիտակցության կորուստ, դեմքի կարմրություն, սրտխփոց, վախի զգացում, ցավ լյարդի շրջանում: