ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին:
Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա» աշխարհաքաղաքական խմբի կողմից ընտրվել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի անդամ:
Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը և գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը:
ՄՄ նախագահը և գլխավոր քարտուղարը համառոտ ներկայացրել են նախորդ համաժողովների արդյունքները, 6-րդ համաժողովի հիմնական ակնկալիքները և նպատակները:
Քննարկման առանցքում են եղել առաջիկա համաժողովի օրակարգը, մասնավորապես` համաշխարհային խաղաղության հաստատմանը, կայուն զարգացմանը և ժողովրդավարության առջև ծառացած ներկայիս մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր:
Միջխորհրդարանական միության և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ներկայացուցիչների հետ խորհրդարանականները քննարկել են միջազգային բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցությունն առկա մարտահրավերների հաղթահարման շուրջ:
Անդրադարձ է կատարվել աշխարհի արտակարգ կլիմայական իրավիճակին, նոր և պոտենցիալ վտանգավոր տեխնոլոգիաների ազդեցությանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խախտումներին, գենդերային խտրականությանը, քաղաքական բևեռացմանը և հանրության անվստահությանը քաղաքական ինստիտուտների նկատմամբ: