Տեղի է ունեցել «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը` առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի և ծրագրի հիմնական շահառուների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի` Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագրի շրջանակում և հիմնված է տուժած երեխաների իրավունքները պաշտպանելու ԵԽ փորձի վրա, ինչպես նաև առաջարկում է մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխանեցված աջակցություն:
Արմեն Գասպարյանը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարության ձեռնարկած միջոցառումներն` ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների առողջապահական կարիքների գնահատմանը, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը:
«Բուժօգնությունը սեղմ ժամկետներում կազմակերպելու, քրոնիկ հիվանդություններով անձանց հայտնաբերելու և շարունակական հսկողություն կազմակերպելու համար ձևավորվել են բժշկական մոբիլ թիմեր, այդ թվում` մանկաբուժական թիմեր, որոնք գնահատել են տեղահանված անձանց առաջնային բժշկական կարիքները, իրականացրել շուրջ 5000 երեխայի առողջության և սնուցման իրավիճակի ամբողջական գնահատում»,- նշել է Արմեն Գասպարյանը:
Ներկայացվել է նաև բռնի տեղահանված անձանց ԱԱՊ կազմակերպություններում գրանցման, պետական պատվերի շրջանակներում ծառայությունների տրամադրման և տուժածներին հոգեբանական աջակցության ուղղությամբ կատարված աշխատանքը:
Կարևորվել են երեխաների և դեռահասների հոգեկան առողջության խնդիրների ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերի ներառումը, այդ թվում` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների 2022-2026թթ. ծրագրի» համատեքստում:
Ծրագրի ներդրման ուղղությամբ Սյունիքի մարզում իրականացվել է`
-
երեխաների և դեռահասների հոգեկան առողջության ծառայությունների քարտեզագրում, մշակվել են դրանք բարելավելու մեխանիզմներ,
-
մշակվել է ԱԱՊ օղակի բուժաշխատողների համար նախատեսված ուղեցույց,
-
վերապատրաստվել է ԱԱՊ օղակի 100-ից ավելի բուժաշխատող:Ներկայումս ծրագիրը ներդրվում է ևս չորս մարզում՝ Արարատ, Կոտայք, Գեղարքունիք, Տավուշ, մյուս մարզերը՝ հաջորդիվ: