Գործադիրը հավանություն է տվել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են նաև ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպությունների կառավարման մոդելների կատարելագործման և ֆինանսավորման նոր մոդելների ներդրման, ստեղծարար ոլորտի զարգացման, ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությամբ։ Բարենպաստ միջավայրի ձևավորումը ենթադրում է հավասար մրցակցային դաշտի ապահովում, օրենսդրական դաշտի կատարելագործում, հեղինակային իրավունքների պաշտպանություն, ստեղծած մշակութային բարիքների ներկայացում Հայաստանում և արտերկրում և այլն։
Փոփոխությունները վերաբերում են Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանն ու գործառույթներին, «ինքնազբաղ արվեստագետ» և «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների հստակեցմանը, մշակութային կազմակերպություններին «պետական» կարգավիճակ շնորհելու գործընթացի արժևորմանը, պետության կողմից ստեղծարար ոլորտի խթանման և զարգացման համատեքստում մշակույթի ոլորտում անվանական թոշակների սահմանմանը։ Մասնավորապես, օրինագծով առաջարկվում է սահմանել նաև «Մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունը, որը նշանակում է որևէ մշակույթի ոլորտում գործունեություն իրականացնող կամ մշակութային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում ներառված ֆիզիկական անձ, ով զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ։
Մեկ այլ լրացումը ամրագրում է, որ Մշակույթի զարգացման հիմնադրամը կոչված է ներդնելու թանգարանների արդյունավետ կառավարման, թատերահամերգային կազմակերպությունների առաջխաղացման մեխանիզմներ, իրականացնելու լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման և ՀՀ-ում ու միջազգային հարթակներում հայ մշակույթի հանրահռչակմանն ուղղված գործառույթներ: Այդ նպատակով, նշյալ հիմնադրամը իրականացնելու է գովազդատեղեկատվական աշխատանքներ, ներգրավելու է լրացուցիչ ֆինանսական միջոցներ, իրականացնելու է դաշտի մշտադիտարկում և վերլուծություն, որի հիման վրա առաջարկելու է զարգացման հեռանկարային ծրագրեր, կազմակերպելու և համակարգելու է արտերկրում հայկական մշակույթը ներկայացնելու գործընթաց, ՀՀ-ում և միջազգային այլ հարթակներում հայ մշակույթի հանրահռչակմանն ուղղված այլ աշխատանքներ։
Օրենքի լրացումները ընդունվելուց հետո, ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի նաև «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների անվանական թոշակի վճարման կարգը և չափերը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Այս կարգի ընդունումը ոչ միայն նպատակ ունի խրախուսելու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային հեղինակավոր մրցույթներին և փառատոներին, որն իր հերթին կնպաստի հայ մշակույթի հանրահռչակմանը, այլև միտված է պետության կողմից արվեստագետների կատարած աշխատանքի և ձեռքբերումների արժևորմանը։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել «Պետություն», «Պետական» և «Պետականություն» բառերի ավելի արժևորման նպատակով կանոնակարգելու «Պետական» բառի օգտագործումը։ Առաջարկվում է «Պետական» անվանումը շնորհել միայն այն կազմակերպություններին, որոնք ունենք համապետական նշանակություն, «մարզային» անվանումը՝ մարզային նշանակություն և գործառույթներ իրականացնող կազմակերպություններին և, համապատասխանաբար, «Համայնքային» անվանումը շնորհել համայնքային գործունություն ծավալող և նշանակություն ունեցող կազմակերպություններին։
Անցումային դրույթներով նաև սահմանվում է, որ մշակութային հաստատությունների անվանումների համապատասխանեցումները կավարտվեն 2025 թ.ի դեկտեմբերի 25-ին։ Արդյունքում՝ կկանոնակարգվի մշակույթի օրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը և կբարձրանա ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը: