Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելու և ծրագրի պայմանները բարելավելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Այն պայմանավորված է վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացող վնասների հետևանքով:
2023 թ. սեպտեմբերի 8-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը վարկերը տրամադրվել են մինչև 5 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվել է 11 տոկոսային կետը, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվել է ոչ ավելի, քան 24 ամիս: Նշված ժամանակահատվածում խաղողի մթերման ուղղության համար ներգրավվել է շուրջ 6.3 մլրդ դրամ վարկ։
Էկոնոմիկայի նախարարություն են դիմել խաղողի մթերումներ իրականացնող առանձին տնտեսավարողներ, որոնք խնդրել են աջակցել վարկերի սպասարկման գործընթացում առաջացած դժվարությունները մեղմելու հարցում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան լրացում, ըստ որի՝ ծրագրի շրջանակում խաղողի մթերման ուղղության համար 2023 թ. տրամադրված վարկերի համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 12 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 12 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները, ընդ որում տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորվող 9 տոկոսային կետը մնում է անփոփոխ։