Վրաստանում շարունակվում են шորհրդարանում վերջին՝ երրորդ ընթերցմամբ հաստատված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ զանգվածային ակցիաները: Ցուցարարները փակել են մի շարք ճանապարհներ, իրավապահների և ցուցարարների միջև բախումներ են եղել, կան ձերբակալվածներ:
Օրինագծի ընդդիմախոսների համոզմամբ՝ իշխող կուսակցության նախաձեռնությունը կրկնում է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, դրա նպատակն է սահմանափակել արտասահմանյան ֆինանսավորում ստացող ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է վետո կիրառել օրինագծի վրա: Եվրամիությունը հորդորել է Վրաստանի իշխանությանը չեղարկել օրինագիծը՝ զգուշացնելով, որ այն կխոչընդոտի կառույցին Թբիլիսիի անդամակցությունը:
Իսլանդիայի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները, որոնք երեկ պաշտոնական այցով ժամանել են Թբիլիսի, ևս նախազգուշացրել են, որ օրենքի նախագծի ընդունման պատճառով ԵՄ դռները կարող են փակվել Վրաստանի առաջ, որն այժմ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ունի: Դիվանագետները նաև մասնակցել և ելույթներ են ունեցել Թբիլիսիի կենտրոնում ընթացող ցույցերին:
Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է՝ այն, ինչ այժմ տեղի է ունենում Թբիլիսիում, հիշեցնում է Ուկրաինայում 2014 թվականի իրադարձությունները: «Փորձ է արվում «դոնորների հեղափոխություն» կազմակերպել: Բայց մենք տեսել ենք՝ ինչ դժբախտություն է բերում պատերազմը։ Թույլ չենք տա երկրում երկրորդ ճակատ բացել»,- ասել է Կախա Կալաձեն։
Մանրամասները՝ ռեպորտաժում: