ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգի ձևավորման շրջանակներում ՆԳ նախարարության հրավերով Հայաստան էր այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը, որին ընդունել էր փոխնախարար Արփինե Սարգսյանը։Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության Պաշտպանական գրասենյակի ղեկավար Ջամալ Քանը:
Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար, ներկայացրել է ՆԳ նախարարության ձևավորման գործընթացը։
Անդրադառնալով Կառավարության որոշմամբ հաստատված Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությանը՝ փոխնախարարն ընդգծել է, որ աղետների ռիսկի նվազեցումից և արտակարգ իրավիճակներին արձագանքումից անցում է կատարվել աղետների ռիսկի կառավարմանը, ինչը ենթադրում է բազմաբնույթ աշխատանքի ապահովում թե՛ օրենսդրական, թե՛ գործառնական դաշտում։
Աղետների նկատմամբ դիմակայունության բարձրացման առումով նա կարևորել է պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործառույթների հստակ բաշխումը և համագործակցության բարելավումը:
Արփինե Սարգսյանն անդրադարձել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում քարտեզագրման աշխատանքներին, սեյսմիկ ռիսկի ինդեքսավորման գործընթացի իրականացմանը, ինչը թույլ կտա իրականացնել բնակավայրերի սեյսմիկ ռիսկի մոդելավորում՝ հստակ ներկայացնելով երկրաշարժի դեպքում վատթարագույն սցենարները։
Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ անդրադարձել են Հայաստանի Հանրապետության աղետների պատրաստվածության կարողությունների գնահատման 2019 և 2022 թվականների շրջափուլերին, ներկայացրել արդյունքները։
Նրանք ընդգծել են հանդիպման կարևորությունը, ինչը լավ առիթ է համատեղ գնահատելու աղետներին դիմակայունության շրջանակում բազմակողմ ջանքերը։
Անդրադարձ է կատարվել աղետների ռիսկի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը և կարողությունների զարգացման գործընթացում ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի աջակցությանը և նախաձեռնություններին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Փրկարար ծառայության վերափոխման տեսլականի, փորձի փոխանակման և կարողությունների զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու ձևավորված սերտ համագործակցությունը։