Կառավարությունը 2018-ի համեմատությամբ մի քանի անգամ մեծացրել է սպորտին ուղղվող պետական միջոցները: Երևանում և մարզերում սպորտի զարգացման նպատակով մեծ ինտենսիվությամբ կառուցվում են նոր մարզակառույցներ: Վերջիններիս միասնական գույքային կառավարման, սպորտի ոլորտում տարբեր ծրագրերի արդյունավետ կառավարման նպատակով առաջարկվում է ստեղծել «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մայիսի 16-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Առաջարկվում է նոր ստեղծվող ՓԲԸ-ին հատկացնել Երևանում գործող «Միկա» մարզահամալիրը և Արմավիրի մարզում գործող Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզակառույցը: Շինարարություների ավարտից հետո այս կառույցի կառավարմանը կհանձնվեն նաև ընթացքում գտնվող մյուս մարզակառույցները:
«Այսիպիսով՝ ընկերությունը կլինի միասնական մասնագիտացված կառավարչական կենտրոն, որը կկառավարի հանրապետությունում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները»,- ասաց նախարարը:
Սպորտի ռազմավարությամբ նախատեսված է, որ բոլոր խոշորացված համայնքները պետք է ունենան տիպային մարզահամալիրներ, մեծ թվով շինարարության գործընթացներ հենց այս պահին ընթացքում են, և, ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այս գործընթացի արդյունքում ոչ թե առանձին ՊՈԱԿ-ներ կստեղծվեն, այլ բոլոր գույքերի կառավարումը կհանձնվի վերոնշյալ ՓԲԸ-ին:
Ըստ Անդրեասյանի՝ կլինի նաև կառավարման խորհուրդ, որում կընդգրկվեն շահագրգիռ կառույցների, նաև սպորտի ոլորտի ներկայացուցիչները: Խորհուրդը կամրագրի սպորտային ենթակառուցվածքների օգտագործման կանոնակարգը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ քանի որ սպորտի ոլորտում մեծ ներդրումներ են արվում, այս որոշմամբ հնարավորություն է ստեղծվում, որ ներդրումները կառավարվեն մի կենտրոնից:
«ՓԲԸ-ին պետք է հստակ ուղերձ տանք, որ կառավարել սպորտային ենթակառուցվածքը՝ նշանակում է նաև լավ կառավարիչ գտնել»,- ասաց նա և ուշադրություն հրավիրեց աշխատանքային քննարկումներում հնչած այն մտահոգության վրա, թե շատ մարզական կառույցների կառավարում պետք է արտապատվիրակվի մասնավոր ընկերություններին՝ դրանով իսկ ներդնելով պետություն-մասնավոր գործընկերության սխեմաներ, հակառակ դեպքում՝ կձախողվի գործը:
Անդրեասյանը արձագանքեց՝ մասնավորի հետ համագործակցության նոր ձևաչափեր պետք է ներդնել, ապա հավելեց՝ մասնավորի կողմից մեծ հետաքրքրություն կա մարզերում տիպային մարզահամալիրների կառուցման մասով: Մասնավոր ոլորտի մասնագիտացված ընկերությունների կողմից նույնիսկ առաջարկ ու պատրաստակամություն կա՝ համաֆինանսավորման եղանակով մասնակցելու կառուցման բուն գործընթացին: