Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է: Ուզում եմ այս նրբությունը բոլորս արձանագրենք: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 16-ի նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների ստորագրած արձանագրությանը:
«Սա նույնպես չափազանց կարևոր սկզբունք է: Ինչո՞ւ. որովհետև եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ այս սկզբունքից շեղվելով` պետք է նոր սահմանագիծ ստեղծենք, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների ուղղակի հարատև աղբյուր:
Այս մեր գործընթացով ես, իհարկե, չեմ ուզում մենք գերագնահատենք տեղի ունեցածը, բայց չեմ էլ ուզում թերագնահատենք: Այս սկզբունքի ամրագրմամբ, երբ մենք ասում ենք՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է, մենք, ըստ էության, էսկալացիոն կոնտեքստը եթե դուրս չենք բերել, առնվազն էականորեն նվազեցրել ենք, և նաև այս առումով ես տեղի ունեցածը համարում եմ շատ կարևոր և էական հաջողություն»,- ասաց նա: