Մայիսի 15-ին դեսպան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանի պատգամավոր, լեյբորիստ Ալեքս Սոբելի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԹ-ում ՀՀ դեսպանությունից։
«Հանդիպմանը դեսպանն ընդգծել է միջխորհրդարանական երկխոսության կարևորությունը փոխադարձ շահերի առաջ մղման և երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման խթանման գործում: Այս համատեքստում դեսպանը կարևորել է փետրվարին բրիտանացի խորհրդարանականների այցը Հայաստան և անցյալ տարի հայկական խորհրդարանական պատվիրակության այցը Մեծ Բրիտանիա։
Դեսպան Ներսեսյանը նշել է այն կարևորությունը, որը Հայաստանը տալիս է Միացյալ Թագավորության հետ մարդկանց միջև շփումների, մշակութային փոխանակումների և տնտեսական համագործակցության խթանման գործում:
Դեսպանը Սոբելին է ներկայացրել նաև տարածաշրջանային զարգացումները՝ ընդգծելով Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։