Մայիսի 15-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Հայաստան-Ղազախստան պատգամավորական բարեկամական խմբի՝ Ղազախստանի խորհրդարանի Սենատի մասով ղեկավար, Սենատի սոցիալ-տնտեսական զարգացման և գիտության հանձնաժողովի նախագահ Նուրտորե Ժուսիպի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ բարեկամական խմբի մի շարք անդամներ, մտքեր են փոխանակվել հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության հետագա զարգացման հարցում խորհրդարանական աջակցման մասով՝ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ․Տոկաևի՝ ս․թ․ ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված բարձր պայմանավորվածությունների իրագործման շեշտադրմամբ։
Նշյալի համատեքստում արձանագրվել է Հայաստանի և Ղազախստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցության հետևողական առաջմղման պահանջվածությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ճյուղային միջխորհրդարանական կառույցների շրջանակներում։
Դիտարկվել է Հայաստան-Ղազախստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հերթական նիստի նախապատրաստական ընթացքն, ինչպես նաև երկկողմ շփումների և այցերի ժամանակացույցը։