Մայիսի 13-14-ը Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական հանդիպումը։ Խորհրդակցությունները համանախագահում էին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև Ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր առաջին քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև երկու երկրների միջև շարունակական երկխոսությունը և համագործակցությունը։
Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները։ Որպես համագործակցության հիմնական հենասյուներ և ամուր հիմք նշվել են առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, զբոսաշրջության, մշակութային և կրթության ոլորտները: Կողմերը նշել են նաև, որ Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանազատման/սահմանագծման գործընթացը շարունակելու է լինել երկկողմ օրակարգի առաջնահերթություն։
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող գլոբալ գործընթացներին: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են խաղաղության և կայունության կարևորությունը՝ որպես տարածաշրջանային զարգացման և բարգավաճման կարևոր պայման։ Այս համատեքստում կողմերը վերահաստատել են անվերապահ աջակցությունը միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ։ Հանդիպման շրջանակներում քննարկվել է նաև Հայաստանի և Վրաստանի դերը խաղաղության և տարածաշրջանային զարգացման, ինչպես նաև եվրոպական արժեքներին հավատարիմ մնալու հարցում:
Կողմերը վերահաստատել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները և Ռազմավարական գործընկերությունը պայմանավորված են ոչ միայն աշխարհագրական հարևանությամբ, այլ նաև ակտիվ համագործակցությամբ և երկու ժողովուրդների դարավոր բարեկամությամբ։ Համանախագահները պատրաստակամությունն են հայտնել նպաստել ավանդական բարեկամական կապերի հետագա խորացմանն ու զարգացմանը: