Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Համաշխարհային բանկի գործընկերների հետ: Հանդիպմանը քննարկվել են Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի (PSMP4) ղեկավար Արման Վաթյանի և ծրագրի համաղեկավար Խուրամ Ֆարուքի կողմից Արդարադատության նախարարությունը գնահատվել է որպես՝ կազմակերպության հետ Հայաստանի պետական մարմիններից ամենաարդյունավետ համագործակցություն իրականացնողներից մեկը, կարևորվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի անխախտ կատարման անհրաժեշտությունը, և քննարկվել են բոլոր ծրագրերի իրականացման ժամանակացույցներն ու առկա խնդիրները:
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը շեշտել է Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի շրջանակներում արդարադատության նախարարության հետ համատեղ իրականացվող էլեկտրոնային արդարադատության ծրագրերի կենսական կարևորությունը թվայնացման գործընթացների շրջանակում, որոնց թվում են e-criminal court, e-notary, e-register, e-penitentiary ծրագրերը:
Քննարկմանը մասնակցել են արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը, նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը, Համաշխարհային բանկի ծրագրերի խմբի ղեկավար Ահարոն Մկրտչյանը, SIGMA ընկերության ղեկավար Ռաֆիկ Գրիգորյանը և հանրային ոլորտի մասնագետ Նանե Հարությունյանը: