Գերմանիան Ուկրաինային կփոխանցի երրորդ Patriot համակարգը՝ հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը Ստոկհոլմում Դանիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի կառավարությունների ղեկավարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ այդ որոշումը հեշտ չի տրվել, քանի որ Գերմանիան այդքան էլ շատ չունի այդ համակարգերից։ Շոլցը հույս է հայտնել, որ եվրոպական մի շարք երկրներ կհետևեն Բեռլինի օրինակին:
Կանցլերը հիշեցրել է, որ Գերմանիան Կիևին ռազմական աջակցության համար հատկացրել է կամ պարտավորվել է հատկացնել մոտ 28 մլրդ եվրո:
«Այս տարի այն կկազմի ավելի քան 7 մլրդ եվրո, ինչը, կարծում եմ, ամենամեծ թիվն է ամբողջ Եվրոպայում»,- ասել է Շոլցը՝ հավելելով, որ Ուկրաինային աջակցությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: