Մայիսի 13-ին Վաշինգտոնում (ԱՄՆ) տեղի է ունեցել հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ԱՄՆ պետական դեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների գործակալության քարտուղարի տեղակալ Ջեֆրի Փայեթի միջև։
Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վերջինիս իրականացման արդյունքում ակնկալվող տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարները, ներկայիս տնտեսական իրավիճակը և Հայաստանին «Շուկայական տնտեսության կարգավիճակ» շնորհելու ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը։
Նույն օրը հանդիպում է տեղի ունեցել նաև ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակի Եվրոպայի և Միջին Արևելքի հարցերով փոխքարտուղար Բրայան Թրիքի հետ։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը, մասնավորապես՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ՀՀ-ում ծրագրերի իրականացումը, արտահանման դիվերսիֆիկացման ծրագրի մշակման օժանդակությունը, ինչպես նաև ՀՀ և ԱՄՆ միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի վերջերս կայացած նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման անհրաժեշտությունը։
Կարևորվել է բոլոր նախանշված ուղղություններով աշխատանքների հետագա շարունակականության ապահովումը։