«Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի» շրջանակում վարչապետը պատասխանել է մոդերատոր Politico in Europe-ի գործադիր խմբագիր Գորդոն Ռեպինսկու հարցերին:
Գորդոն Ռեպինսկի - Դուք նշեցիք անվտանգության հետ կապված Հայաստանի իրավիճակը։ Անդերս Ֆոգ Ռասմուսենը ձեր հարևանին անվանել է ավտոկրատիա։ Դուք գտնվում եք շատ բարդ աշխարհաքաղաքական և աշխարհագրական դիրքում։ Ինչպե՞ս եք լուծում անվտանգության հետ կապված խնդիրն այդ միջավայրում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Անկեղծ ասած, ես չէի ցանկանա մեկնաբանել մեր հարևան երկրների ներքին իրավիճակը։ Բայց մյուս կողմից, ինչպես ասել եմ, ժողովրդավարությունը հանգամանքների բերումով չի ժամանել Հայաստան։ Ես գտնում եմ, որ այն լիովին համապատասխանում է մեր ժողովրդի մտածելակերպին։ Այն մեր կառավարության համար ռազմավարություն է, այն մեր քաղաքական համոզմունքն է, այն նաև մեր քաղաքական ինքնությունն է։
Մեր քաղաքական թիմի անդամները կյանքի մեծ մասը պայքարել են հանուն ժողովրդավարության, օրենքի գերակայության և խոսքի ազատության։ Հիմա մենք ունենք այս բոլոր արժեքները մեր երկրում իրականացնելու հնարավորություն։ Բայց, իհարկե, անվտանգային իրավիճակը բարդ էր, և այժմ այն ավելի բարդ է ոչ միայն մեր տարածաշրջանային իրավիճակի բերումով, այլ նաև գլոբալ իրավիճակի բերումով, որովհետև ակնհայտորեն աշխարհակարգը փլուզվում է այս պահին։
Իմ գնահատականն այն է, և ես այդ մասին առիթ ունեցել եմ հրապարակայնորեն ասելու, որ պատերազմը, որ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, ինչ-որ առումով հետագա զարգացումների նախաբանն էր։ Եվ այժմ հիմնական հարցը անվտանգությունն է։
Ո՞րն է մեր ռազմավարական տեսակետը, ինչպե՞ս ենք մենք պատրաստվում երաշխավորել մեր երկրի անվտանգությունը։ Վերջերս ես մեր խորհրդարանում ելույթ ունեցա, որտեղ ասացի, որ իմ կարծիքով` անվտանգության ապահովման համար ամենակարևոր գործիքը լեգիտիմ արտաքին քաղաքականությունն է։ Սա է պատճառը, որ մենք այդքան հաճախակի ենք ցիտում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։
Կցանկանայի լսարանին տեղյակ պահել, թե ինչի մասին է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Այն ընդունվել է 12 խորհրդային հանրապետությունների կողմից, որտեղ նշվում են մի քանի շատ կարևոր մտքեր։ Առաջինը` Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և խորհրդային հանրապետությունների միջև վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ, քանի որ խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ երկրներ։
Շատ կարևոր է, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ, որտեղ երկու շատ կարևոր համաձայնություն եղավ։ Առաջին՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են մեկը մյուսի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է ծառայի որպես հիմք` երկու երկրների միջև սահմանազատման համար։ Սա է պատճառը, որ ես ասացի, որ մենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր սահման գծելու խնդիր չունենք։ Մենք պարզապես պետք է վերարտադրենք գոյություն ունեցած սահմանը հողի վրա։ Այս գործընթացը հենց հիմա տեղի է ունենում, և ես հույս ունեմ, որ հաստատակամորեն կշարունակենք այն։
Գորդոն Ռեպինսկի - Սահմանային կոնֆլիկտը, որ վերջին տարիներին տեղի է ունեցել, բացասաբար է ազդում Ռուսաստանի հետ հարաբերությունների և Հայաստանի համար Ռուսաստանի դերի վրա։ Ի՞նչ կասեք այս մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Հիմա նույնպես պաշտոնապես մենք ՀԱՊԿ անդամ ենք, բայց ես հայտարարել եմ, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը:
Գորդոն Ռեպինսկի - Այսինքն շարունակո՞ւմ եք մնալ անդամ, թե՞...
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա հետագա խոսակցության հարց է, բայց շատ կարևոր է արձանագրել ներկայիս իրավիճակը։ Մեր հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հենց այդ կետից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստան, և համաձայն ՀԱՊԿ-ի ընթացակարգերի` կազմակերպությունն ու իր անդամ պետությունները պետք է աջակցեին Հայաստանին այս իրավիճակում։ Բայց նույնիսկ պաշտոնական դիմումից հետո ՀԱՊԿ-ը մերժեց որևէ հստակ քայլ անել, և փաստորեն, դա է ՀԱՊԿ-ին բոլոր մակարդակներում մեր մասնակցությունը սառեցնելու հիմնական պատճառը։
Գորդոն Ռեպինսկի - Ակնկալո՞ւմ եք արդյոք, որ Արևմուտքը կգրավի ներկայիս վակուումը և կապահովի ձեր անվտանգությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեր քաղաքական դիրքորոշումը և քաղաքականությունը կայանում է նրանում, որ մենք դիվերսիֆիկացնենք մեր արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Հիմա մենք պաշտպանական ոլորտում համագործակցություն ենք զարգացնում Հնդկաստանի, Ֆրանսիայի, այլ երկրների հետ։ Հիմա մենք Եվրամիության հետ որոշակի համագործակցություն ունենք, որովհետև ինչպես նշեցի, մենք ուրախ ենք մեր և Ադրբեջանի սահմանին ԵՄ Քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման համար։ Իհարկե, դա քաղաքացիական առաքելություն է, բայց մյուս կողմից, ինչ-որ առումով այն մի նոր գործոն է մեր տարածաշրջանի անվտանգության համար։ Սա առաջին անգամ է, որ Եվրամիությունը որևէ կերպով մասնակցում է Հայաստանի Հանրապետության անվտանգության օրակարգին։
Գորդոն Ռեպինսկի - Դուք ցանկանո՞ւմ եք դառնալ ԵՄ անդամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հիմա մենք սպասում ենք Հայաստանը Եվրոպական Խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ ԵՄ որոշմանը։ Մենք նաև հույս ունենք սկսել վիզաների ազատականացման բանակցությունները, և անցած տարի ես Եվրոպական խորհրդարանում հայտարարեցի, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտ Եվրամիությանը, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Սա է մեր դիրքորոշումը։
Գորդոն Ռեպինսկի - Հիմա փոխանցեմ լսարանից եկած հարցը, որը նույնպես Եվրոպայի հետ սերտանալու ձեր հնարավորությունների մասին է։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ նախաձեռնություններ է ձեռնարկում Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ինչպես ասել եմ, կոռուպցիայի դեմ պայքարում հսկայական առաջընթաց ունենք, բայց դժբախտաբար, մենք չենք կարող ասել, որ կոռուպցիան արմատախիլ ենք արել Հայաստանից։ Բայց ի՞նչ անել` շարունակել, լինել հաստատակամ, և լինել հաստատակամ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում։ Սա է պատճառը, որ Եվրամիության հետ համագործակցությունը մեզ համար մեծագույն նշանակություն ունի, որովհետև Եվրամիությունն այսօր մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի իրականացման հիմնական գործընկերն է։
Մենք հույս ունենք, որ Եվրամիությունը, ինչպես նաև ԱՄՆ-ն ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում կավելացնեն աջակցությունը Հայաստանին, որովհետև ինչպես ասել եմ, ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է։
Իմիջիայլոց, 2019-ին մենք ԱՄՆ-ի հետ սկսել ենք Ռազմավարական երկխոսություն, և այսօր մենք տեսնում ենք Եվրամիության հետ մեր համագործակցության ամրապնդում։ Ես նաև նշեցի, որ վերջերս եռակողմ հանդիպում ունեցանք ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի մասնակցությամբ, իմիջիայլոց, դա նախադեպը չունեցող ձևաչափ էր, որտեղ մենք ընդունեցինք մի հսկայական օրակարգ` ինստիտուցիոնալ և տնտեսական բարեփոխումների մասին։ Շատ կարևոր է նաև, որ մենք ավելի ու ավելի շոշափելի աջակցություն ստացանք ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի փախստականների հումանիտար կարիքները հասցեագրելու համար, ինչը նույնպես շատ կարևոր է, քանի որ այն շատ զգայուն և էմոցիոնալ հարց է մեզ համար։
Գորդոն Ռեպինսկի - Եվ վերջին հարցը։ Ո՞ր թվականին կուզենայիք, որ Հայաստանը դառնար ԵՄ անդամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այս տարի։