«Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ հավատում ենք, որ ժողովրդավարության իրական և ամենահավակնոտ ուղեկիցը հարատև և կայուն խաղաղությունն է»,- «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի» շրջանակում «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր գլխավորած կառավարությունը այս առումով վերցրել է իր պատասխանատվության բաժինը:
«Վերջերս մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ադրբեջանի հետ՝ սկսելու մեր միջպետական սահմանի սահմանազատումը Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա: Դա նշանակում է, որ սահմանազատում կատարելիս մենք պարզապես պետք է վերարտադրենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև եղած վարչական սահմանները, որոնք Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն դարձան պետական սահմաններ:
Սահմանների սահմանազատման մեկնարկը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Ալիևի և իմ միջև քառակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնության իրականացումն է: Այժմ ժամանակն է ներառել և արտացոլել այդ համաձայնությունները խաղաղության պայմանագրում և ստորագրել այն»: