2024 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 10։50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Խ.Աբովյան փողոցում, վրաերթի ենթարկվելու հետևանքով, իրենց մոտ բուժօգնության է դիմել Նարե Գևորգյանը։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ՃՏՀ քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթի նախաքննությամբ նախնական տվյալներ են ստացվել, որ տուժած անձը մայրաքաղաքում անցկացվող ակցիաները լուսաբանող, Mediahub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանն է, իսկ պատահարը տեղի է ունեցել, նախնական տվյալներով, ոստիկանական «Գազել» մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության ծառայողների կողմից նշված ճանապարհահատվածում հատուկ ծառայություն իրականացնելիս:
Տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքի պահին նշված տրանսպորտային միջոցի առկայծող կապույտ և կարմիր փարոսիկները և հատուկ ձայնային ազդանշանը միացված են եղել։
Քրեական վարույթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: