Հասկանալի է՝ ընդդիմադիր գործիչների վարքագիծը, երբ մարդ հաջողություն չի ունենում, անընդհատ փորձում է ամեն ինչ օգտագործել, որպեսզի ինչ-որ չափով ուշադրություն գեներացնի: Բայց դա չի հաջողվում, որովհետև ասելիքն ամբողջությամբ հիմնված է կեղծիքի վրա: Այդ մասին Երևանի ավագանու՝ մայիսի 14-ի նիստին հայտարարեց քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ արձագանքելով ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթ-ակցիային, որն առնչվում էր սահմանազատման և սահմանագծման գործընթացից ընդդիմադիրների դժգոհությանը:
«Ժողովո՛ւրդ ջան, ձեր վարքագծով ոչ ոք չի միանալու ձեզ: Պայքարին միանում են, երբ հասկանում են պայքարի բովանդակությունը, հասկանում են՝ ինչի մասին է այդ պայքարը, և հավատում են այդ պայքարի ղեկավարությանը՝ հարթակին կանգնած մարդուց սկսած»,- ասաց Արմեն Փամբուխչյանը:
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը մտահոգություն հայտնեց, որ երիտասարդները եկեղեցին կապում են «նախկին որոշ ուժերի հետ և հետևություններ անելով՝ հրաժարվում եկեղեցուց»:
«Իմ շա՛տ սիրելի երիտասարդներ, նրանք բոլորը եկեղեցու պաշտոնյաներ են, այլ ոչ երբեք եկեղեցին կամ կրոնը: Եթե դուք չեք ընդունում հանրապետության որևէ պաշտոնյայի, դա չի նշանակում, որ պետք է հրաժարվեք պետությունից: Նույնն էլ եկեղեցու հարցում է: Եկեղեցին բոլորինս է, այլ ոչ երբեք որոշ սպասավորների մենաշնորհը»,- ասաց Նուարդ Վարդանյանը և հավելեց, որ Հայաստանը չի լինում նոր կամ հին, հոգևոր կամ ոչ հոգևոր, Հայաստանը քրիստոնյա, անկախ, ինքնիշխան պետություն է, որն ունի Սահմանադրություն:
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ ընդդիմադիրների պայքարը երկու խնդիր ունի, առաջինը դիրքորոշման բացակայությունն է, իսկ երկրորդ խնդիրը ՔՊ-ի հետ չէ, այլ ՀՀ Սահմանադրության: Իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդն ընտրել է ՔՊ-ին: Ըստ Սուրեն Գրիգորյանի՝ դա է պատճառը, որ ընդդիմությունը չի պահանջում նոր ընտրություն, այլ պահանջում է իշխանություն:
«Այս շարժումն ունի մի տարբերություն: Արձանագրելով, որ ձեր դեպքերով որևիցե հաջողության հասնելու հնարավորություն չկա, հիմա նաև չեք խորշել խեղաթյուրել ևս մի արժեք, կառույց, ինստիտուտ»,- նշեց Սուրեն Գրիգորյանը:
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասաց, որ հնարավորինս շուտ ընդդիմությունը պետք է իր գործողությունները դադարեցնի: «Ինչքան երկար սա տևի, այդքան եկեղեցուն վնաս են հասցնելու, հետո իրենք են կրելու այս վնասի պատասխանատվությունը: Իմ խորհուրդն է, որ ուղղակի դադարեցնեն եկեղեցին ու կրոնն իրենց քաղաքական նկրտումների համար օգտագործելուց»,- ասաց նա: